Ջհանգիրյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Գագիկ Ջհանգիրյանը, որը նախագահական ընտրություններից հետո միացավ ընդդիմությանը, կալանքի տակ է գտնվում 2008 թ.-ի ֆետրվարի 24-ից։ «Ջհանգիրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, 2008թ. օգոստոսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու:
ՀՀ նախագահի՝ փետրվարի 22-ի հրամանագրով Ջհանգիրյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկել հանրապետության արդարադատության առաջին կարգի պետական խորհրդականի աստիճանից, քանի որ նա խախտել էր «դատախազության մասին» օրենքը, համաձայն որի դատախազներն իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվել, և հայտարարել, որ սատարում է ընդդիմության առաջնորդներից մեկին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։
Հատուկ ծառայությունը հարուցել է քրեական գործ իշխանության բռնազավթմանը և սահմանադրական կարգի խախտմանն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով։ --0--