ՀԱՊԿ անդամ-երկրները հակված են դաշնակցային հարաբերությունների կազմակերպության ձևաչափում

ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որն անցել է բարեկամական մթնոլորտում, բոլոր անդամ-պետությունները կազմակերպության ձևաչափում դաշնակցային հարաբերությունների հակվածություն են դրսևորել։
Օգոստոսի 21-ին Երևանում կայացած նիստի ժամանակ ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին կազմակերպության պատասխանատու գոտում և հարակից շրջաններում տիրող ռազմաքաղաքական իրադրությունը։
Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Կալմակովը ՊՆԽ անդամներին տեղեկացրեց վրաց-օսական հակամարտության գոտում տեղի ունեցած ողբերգության պատճառների, ինչպես նաև իրավիճակի զարգացման միտումների մասին։ Վրաց-օսական հակամարտության գոտում և ընդհանրապես կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին մտքերի հանգամանալից փոխանակում կատարվեց։
Միջոցառման մասնակիցները քննարկեցին մինչև 2010 թ.-ն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության ծրագրերը և հետագա հեռանկարը, ինչպես նաև ՀԱՊԿ համատեղ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օպերատիվ և ռազմական պատրաստվածության կատարելագործման հարցերը։
ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ՊՆԽ անդամները հավանություն տվեցին ՀԱՊԿ նպատակային միջպետական ծրագրերի մշակման, ֆինանսավորման և իրականացման կարգի մասին դրույթների նախագծին, հաստատեցին 2009 թ.-ին ՀԱՊԿ անդամ-պետությունների ԶՈՒ անձնակազմի և ղեկավար մարմինների օպերատիվ և ռազմական պատրաստվածության համատեղ միջոցառումների ծրագիրը, համաձայնեցրեցին 2008 թ.-ի երկրորդ կիսամյակում և 2009 թ.-ի առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով կազմակերպության ներկայացուցիչների խորհրդատվության ծրագրի նախագիծը։
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները փոփոխություններ մտցրեցին ռազմական համագործակցության ոլորտում մի շարք փաստաթղթերի մեջ, այդ թվում հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական բազայի մեջ, անդամ-երկրների երկաթուղիների տեխնիկական սպասարկման միասնական համակարգի ստեղծման համար միջոցառումների կատարման միջպետական աշխատանքային խումբ կազմելու որոշում ընդունեցին։
Կազմակերպության օրենքների համաձայն, մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ ՊՆԽ նախագահի լիազորությունները Ղրղզստանի պաշտպանության նախարարից փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
ՀԱՊԿ ՊՆԽ հավանություն տվեց հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծին ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակելուն։ --0--