ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ դարձավ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները ստանձնել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մի քանի րոպե առաջ ավարտվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը, որի ընթացքում կազմակերպությունում սահմանված կարգով իրականացվեց պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի լիազորությունների հանձնումը Ղրղզստանի պաշտպանության նախարարից Հայաստանի պաշտպանության նախարարին»,- խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ նիստի ժամանակ վերլուծվել է մինչև 2010 թ.-ն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության ծրագրի իրականացումը և հետագա հեռանկարը, ինչպես նաև քննարկվել են ՀԱՊԿ անդամ-երկրների ԶՈՒ օպերատիվ և ռազմական պատրաստվածության կատարելագործման և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Արագ ծավալման կոալիցիոն ուժերի զարգացման հարցերը։
Օհանյանը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների անունից շնորհակալություն հայտնեց Ղրղզստանի նախարարին կատարված աշխատանքի և պաշտպանության նախարարների խորհուրդը ղեկավարելու համար։
Նեղ կազմով խորհրդի նիստին մասնակցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Լեոնիդ Մալցևը, Ղրղզստանի պաշտպանության նախարար գեներալ մայոր Բակիտբեկ Կալիևը, Ղազախստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Բուլատ Բեժեանասաևը, Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Կալմակովը, Տաջիկստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ռամիլ Նադիրովը, Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Ֆարխոդ Ռուսատոմովը։ --0--