ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Իսպանիայի թագավորին Մադրիդի ավիավթարի առնչությամբ

21.08.2008, 15:38
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Իսպանիայի թագավորին Մադրիդի ավիավթարի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը 153 մարդու կյանք է խլել:

«Խոր ցավով տեղեկացա Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Իսպանիայի համար սգո այս պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իսպանիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է հայկական պետության ղեկավարի ուղերձում, որի տեքստը հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել նրա մամուլի ծառայությունը։

Չորեքշաբթի կեսօրին Իսպանիայի մայրաքաղաքի օդանավակայում Spanair ավիաընկերության Լաս-Պալմաս (Կանարյան կղզիներ) ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Անհայտ պատճառներով թռիչքի պահին այրվել է շարժիչներից մեկը, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել ու հրդեհ բռնկվել։

Զոհվել է 153 մարդ, 19 տուժածի հիվանդանոց են տեղափոխել։ Դեպքի վայրում որոնում են ևս երկու մարդու դի։ Սա վերջին 25 տարում Իսպանիայում տեղի ունեցած ամենախոշոր ավիավթարն է։ --0--