Օգոստոսի 23-ին հայ փաստաբանների ատեստավորման քննություններին կմասնակցի 174 հավակնորդ

Հայաստանում փաստաբանների ատեստավորման քննություններին կմասնակցի 174 հավակնորդ, հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը։
«Քննությունների ընթացքին կհետևի 40 օտարերկրյա դիտորդ։ Ատեստավորման հանձնաժողովի անդամներից և դիտորդներից ոչ ոք չի կարող մոտենալ քննվողներին։ Եթե նման անհրաժեշտություն ամեն դեպքում լինի, ապա խոսակցությանը պետք է մասնակցի որևէ երրորդ անձ»,- ասաց Սահակյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով նման միջոցները ձեռնարկված են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։ Ինչպես տեղեկացրեց Սահակյանը, Փաստաբանների պալատը չափազանց մեծ կարևորություն է տալիս ատեստավորման քննություններին՝ դրանց անցկացումը համարելով իր կարևորագույն գործառույթներից մեկը։ Նա ավելացրեց, որ պալատի կողմից քննություններն անցկացվում են 2005 թ.-ից, և դրանց բարեհաջող կազմակերպման ու անցկացման փորձ արդեն կուտակվել է։
Ինչպես հայտնեց պալատի նախագահը, այս տարի քննությունները կանցնեն երկու փուլով՝ առաջին փուլի գրավոր թեստը հայցորդների համար կանցկացվի օգոստոսի 23-ին, երկրորդ փուլը, որին կմասնակցեն գրավոր թեստը բարեհաջող հանձնած հավակնորդները, կկայանա հոկտեմբերի 4-ին։ Պալատի նախագահը նշեց, որ քննությունները բարեհաջող հանձնած հայցորդների ներկայացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում։
Սահակյանի խոսքերով, այս տարվա ատեստավորման քննությունները տարբերվում են պրոցեդուրաների որոշակի խստացմամբ։ Մասնավորապես, չնայած անցողիկ բալն անփոփոխ է մնացել՝ 85 բալ, գրավոր թեստի համար նախատեսված ժամանակը 6 ժամից կրճատվել է 4-ի։
2008 թ.-ի առանձնահատկություններից Սահակյանը նշեց նաև այն, որ քննություններն առաջին անգամ անցկացվում են առանց Ամերիկացի իրավաբանների ասոցիացիայի (ABA/CEELI) ֆինանսական աջակցության։ Որակավորման քննությունների անցկացման համար, ինչպես պարզաբանեց պալատի նախագահը, հայցորդներից յուրաքանչյուրը վճարել է 30 հազար դրամ (շուրջ 100 դոլար) գումար։
Իր հերթին ատեստավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ մասնակցության համար դիմումներ ներկայացրել էին 183 հայցորդներ, սակայն արդյունքում 8 հավակնորդի թույլ չեն տվել մասնակցել անհրաժեշտ փաստաթղթերի և պրոֆեսիոնալ գործունեության երկամյա ստաժի բացակայության պատճառով, իսկ մեկը սեփական կամքով ետ է վերցրել հանձնված փաստաթղթերը։ --0--