Մինչև 17 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Լիտվայի պատանեկան մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Իր մեկնարկային խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտություն կրեց Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցած ընկերական պատանեկան մրցաշարում։
Նախօրեին մեկնարկային խաղում առաջին խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի մինչև 17 տարեկանների ընտրանուն:
«Հանդիպման առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, սակայն երկրորդ կեսում ռուսներն երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հայկական թիմի դարպասը»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը։
Նրա խոսքերով, նույն խմբում ընդգրկված մոլդովացիները 5։1 հաշվով հաղթեցին Լիտվայի 17 տարեկանների երկրորդ հավաքականին։
Երկրորդ խմբի արդյունքները հետևյալն են՝ Լիտվա (առաջին հավաքական) – Բելառուս 1։1 և Լատվիա – Ադրբեջան 0։0։
Մաթևոսյանը հավելեց, որ մրցաշարի երկրորդ հանդիպման ժամանակ՝ օգոստոսի 20-ին կայանալիք խաղերում Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին կմրցի մոլդովացիների հետ: -0-