Հայ մրցանակակիրները հայրենիք են վերադարձել Պեկինի օլիմպիադայից

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Պեկինում անցկացվող 29-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մրցանակակիր մարզիկները հայրենիք են վերադարձել։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ մարզական իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հարազատները, ընկերներն ու բազմաթիվ երկրպագուները։ Պեկինի օլիմպիադայի հերոսների պատվին հրավառություն եղավ, հնչեց ազգային երաժշտություն։
«Մենք խոստացել էինք, որ Օլիմպիադայի ժամանակ մեդալներ կնվաճենք և պահեցինք մեր խոստումը։ Ամառային խաղերի 204 մասնակից-երկրների թվում մենք առաջին տեղում ենք մեդալների թվով բնակչության մեկ շնչի հաշվով»,- ասաց ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանում։
Պեկինում հայ մարզիկներն արդեն նվաճել են հինգ բրոնզե մեդալ։ Օլիմպիադայի մրցանակակիրներն են ծանրամարտիկներ Տիգրան Մարտիրոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ), Գևորգ Դավթյանը (մինչև 77 կգ), Տիգրան Մարտիրոսյան-կրտսերը (մինչև 69 կգ), ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Ռոման Ամոյանը (մինչև 55 կգ) և Յուրի Պատրիկեևը (մինչև 120 կգ)։
29-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում էր 25 մարզիկ՝ 8 մարզաձևում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, թեթև ատլետիկա, լող, հրաձգություն։-0-