Վերջին օրերին Վրաստանից Հայաստան է եկել շուրջ 18 հազար մարդ. դեսպանատուն

Վրաստանում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, հայտնում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանատանը։
«Մենք չունենք տեղեկատվություն այն մասին, թե վերջին դեպքերի հետևանքով Հայաստանի որևէ քաղաքացի տուժել է։ Վրաստանի հայկական համայնքի վերաբերյալ կարող եմ ասել, որ զոհվածների մասին տեղեկություններ չունենք, բայց Գորիից և մերձակա գյուղերից փախստականների թվում կան նաև վրացահայեր»,- հայտնել են դեսպանատնից։
Ինչպես տեղեկացրել են դեսպանատնից, Վրաստանից տարհանվել են Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր մեկնելու ցանկություն են հայտնել, դրանք հիմնականում հանգստացողներն են եղել։
«Վրաստանում իրավիճակի սրումից հետո այստեղ գտնվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, առաջին հերթին դա վերաբերում է Սև ծովի ափին հանգստացողներին, որոշում ընդունեցին հեռանալ Վրաստանից, ինչի կապակցությամբ այդ օրերի ընթացքում ՀՀ դեսպանատունը և Բաթումիում ՀՀ հյուպատոսությունը լուրջ և ծավալուն աշխատանք իրականացրեց Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- նշել են դիվանագիտական առաքելությունում։
Նշվել է նաև, որ Հայաստանի քացաքացիներից բացի, այդ օրերին, վրաց-հայկական սահմանն են հատել բազմաթիվ օտարերկրացիներ։
«Միայն օգոստոսի 8-14-ը Վրաստանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 18000 մարդ, որոնցից մոտ 45 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, մնացածը՝ օտարերկրացիներ»,- տեղակացրել են դեսպանատանը։
Հայտնել են նաև, որ, ելնելով Վրաստանում ստեղծված իրավիճակից, Վրաստանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։
«Ներկայում դեսպանատան ինչպես դիվանագիտական, այնպես էլ վարչատեխնիկական անձնակազմը գտնվում է իր աշխատանքային տեղերում, և դեսպանատան անձնակազմի տարհանման մասին խոսք չկա։ Դեպքերի զարգացման ընթացքը հույս է ներշնչում, որ գործը դրան չի հասնի։ Ինչ վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների տարհանմանը, ապա յուրաքանչյուր դիվանագետ անձամբ է դա որոշում»,- ասել են դեսպանատանը։
Հարցին, թե պատրաստվում է արդյոք Հայաստանը մարդասիրական որևէ օգնություն ցուցաբերել Վրաստանին, պատասխանել են, որ Հայաստանը պատրաստ է օպերատիվ կարգով լուծել ծագած խնդիրները։
«Օգոստոսի 15-ին նախագահ Սարգսյանը անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով առկա բազմաթիվ զոհերի կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու տուժածներին»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունում։ -0-