Հայաստանին և Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպությանը բավարարում է համագործակցության մակարդակը

16.08.2008, 13:40
Հայաստանին և Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպությանը բավարարում է համագործակցության մակարդակը
Հայաստանին և Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպությանը բավարարում է համագործակցության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 16 օգստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանին և Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպությանը բավարարում է համագործակցության մակարդակը, և կողմերը վստահ են, որ այն շարունակական կլինի,  շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում ասվում է,  որ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Աշոտ Հովակիմյանը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Տիբոր Տոթիի հետ օգոստոսի 13-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում կարևորեց երկկողմանի գործակցությունը և հույս հայտնեց, որ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

Հանդիպման շրջանակներում Հովակիմյանը Կազմակերպության գործադիր քարտուղարին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը։

Ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին՝ Տիբոր Տոթին իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի և իր ղեկավարած կազմակերպության համագործակցության վերաբերյալ՝ բարձր գնահատելով ՀՀ կողմից Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման մասին համաձայնագրի ստորագրումը, վավերացումը, ինչպես նաև կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների պարտաճանաչ կատարումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ -0-