Քրեագետները Երևանի մարտի 1-ի հանրահավաքի վայրում բռնագրավված զենքի վրա պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերել

Մարտի 1-ին Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքի վայրում գտնված զենքի վրա փորձաքննության համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել, ասաց ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Սպարտակ Մանուկյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։
«Տեղում բռնագրավված բոլոր առարկաները, ներառյալ զենքը, մետաղական ձողերը, նռնակները, այրվող խառնուրդով շշերը ենթարկվել են փորձաքննության... Սակայն առարկաների մակերեսին հայտնաբերված բոլոր հետքերը, լղոզվել են ու իրար խառնվել, ինչի արդյունքում այլևս պիտանի չեն հետագա փորձաքննության ու համեմատության համար»,- ասաց նա ուրբաթ մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ։
Մանուկյանի խոսքերով, հայտնաբերված են հետքերի բազմաթիվ մասնիկներ, բայց որոշակի մատնահետքեր չկան։
Նա նշեց, որ պատահարի վայրում հայտնաբերվել է երեք միավոր զենք, 5 փայտե և երկու ռետինե մահակ, 83 մետաղական ձող և 38 «ոզնի» (հատուկ մետաղական կոնստրուկցիա)։
Մանուկյանը նշեց, որ զենքը համալիր ստուգում է անցել, ինչի արդյունքում հայտնաբերվել են կրակոցների հետքեր, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ մինչև հայտնաբերվելը զենքն օգտագործվել է, իսկ օգտագործման պահը գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով պարզել հնարավոր չէ։
Նա նշեց, որ արձանագրությամբ ամրագրելուց հետո բոլոր իրեղեն ապացույցները հանձնվում են քննիչին հետագա փորձաքննություն նշանակելու համար, իսկ արձանագրությունն ամրագրվում է քրեագետի, քննիչի և երկու ընթերավկաների կողմից։
Ընդ որում, այն հարցին, թե մարտի 1-ի հանրահավաքի վայրում հայտնաբերված զենքն ու առարկաները կարո՞ղ են արդյոք ապացույց հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, Մանուկյանն ասաց, որ այդ որոշումը նախաքննության մարմինները պետք է ընդունեն։
«Նրանք պետք է գնահատական տան, իսկ որպես մասնագետ կարող եմ ասել, որ դեպքի վայրում հայտնաբերված առարկաները պահպանվում են մինչև դատական նիստը և կարող են մեծ նշանակություն ունենալ դատական քննության ժամանակ»,- ասաց Մանուկյանը։
Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման վայրն ուսումնասիրել են 130 ոստիկաններ, սակայն այն բանից հետո, երբ նրանց դիմադրություն է ցույց տրվել, օգնության են կանչվել հարևան փողոցներում հերթապահող ոստիկանները։ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի տվյալներով, առավոտյան ուսումնասիրմանը մասնակցել է 600 ոստիկան, այն դեպքում, երբ ընդիմադիրները 800-900 հոգի են եղել։ --0--