«Էրեբունի» հնագիտական թանգարանը 2008 թ.-ի հոկտեմբերին կնշի իր 40-ամյակը. տնօրեն

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընթացիկ տարվա հոկտեմբերին կնշի իր 40-ամյա հոբելյանը, ասաց թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը։
«Այս տարի մենք երկու հոբելյան ենք նշելու՝ թանգարանի 40-ամյակը և հանրահայտ արևելագետ ու հնագետ Բորիս Պիոտրովսկու 100-ամյակը»,- հինգշաբթի Փիլիպոսյանն ասաց լրագրողներին։
Այս կապակցությամբ մինչև հոկտեմբերի կեսը թանգարանում կկազմակերպվի միջազգային գիտական համաժողով, որին կմասնակցեն մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Հայաստանից և Վրաստանից։
Բացի այդ, Փիլիպոսյանի խոսքերով, թանգարանում հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցահանդես կբացվի։
«Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ծանոթանալ արգելոց-թանգարանի տարածքում կատարված տարբեր պեղումների մասին պատմող 60-ական թթ.-ի նյութերին, ինչպես նաև թանգարանի շենքի շինարարության պատմությանը»,- ավելացրեց նա։
Թանգարանի տնօրենն ավելացրեց, որ գիտական համաժողով անցկացնելուց բացի, միջոցառման կազմակերպիչները մտադիր են Պիոտրովսկու կյանքի ու գործունեության մասին մի շարք նյութեր հրատարակել։
Մասնավորապես, Փիլիպոսյանի խոսքերով, հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մինչ օրս պահպանվում է Պիատրովսկու հետ ունեցած նրա նամականին։
Էրեբունին Ուրարտու պետության հինավուրց քաղաքն է, որի փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ Քաղաքը կառուցվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ մ.թ.ա. 782 թ.-ին՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։
1950թ. պեղումների արդյունքում բացվել են ամրոցի հզոր պատերը՝ դարպասներով, պալատը, երկու տաճար և տնտեսական շինություններ։ Էրեբունու տարածքը վերածվել է հնագիտական արգելոց-թանգարանի։--0—