Թուրքիայի քաղաքացիները սեպտեմբերի 1-6-ը կարող են Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-6-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիների համար մեր երկիր այցելության առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսին Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլին պաշտոնապես Երևան է հրավիրել երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը միասին դիտելու։
«Տվյալ որոշումն ընդունվել է սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման անցկացման օրը Թուրքիայի քաղաքացիներին Հայաստանում գտնվելու հնարավորություն տալու համար»,- կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։
Կառավարության որոշումն ընդունվել է «արտասահմանցիների մասին» ՀՀ օրենքի համաձայն։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:
Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։
Բացի այդ, Թուրքիան բացահայտ ադրբեջանամետ դիքրոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։-0-