Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալի մեծացումը կազդի լճի էկոհավասարակշռության վրա. բնապահպան

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալի մեծացումը կազդի լճի էկոհամակարգի վրա, կարծում է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն Էվելինա Ղուկասյանը։
«Սևանա լճից վերցվող ջրի ծավալի մեծացումը սխալ քայլ է։ Մենք պետք է պահպանենք լճի անընդհատ աճի դրական հավասարակշռությունը և ոչ մի դեպքում չխախտենք այն»,- հինգշաբթի Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից կազմակերպված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման հարցով քննարկումների ժամանակ ասաց նա։
ՀՀ խորհրդարանը օգոստոսի 19-ի նիստի ժամանակ կքննարկի ջրամբարներում անհրաժեշտ ջրի պաշարի բացակայության պատճառով ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալը 240 մլն խորանարդ մետրից մինչև 360 մլն խորանարդ մետր դարձնելու հարցը։
Ղուկասյանի կարծիքով, Սևանի էկոհամակարգը, որն այժմ ծայրաստիճան անկայուն է, կարող է վերցվող ջրի ծավալի ավելացման արդյունքում ավելի շատ անկայունանալ։ Ինստիտուտի փոխտնօրենն ավելացրեց, որ Սևանի էկոհամակարգը անկայուն վիճակում հայտնվեց մասնավորապես 1993-1994 թթ.-ին բաց թողնված ջրի մեծ ծավալների պատճառով, երբ լճից վերցվել էր ավելի քան 1 մլրդ խորանարդ մետր ջուր։
Փորձագետը նշեց, որ Սևանի ջրօգտագործումը միշտ նպատակահարմար է դիտվել և ծրագրվել է լճի ջրերով ոռոգել Արարատյան դաշտի 100 հազար հեկտար հողատարածքը, սակայն տնտեսական մեծ շահույթի դեպքում բնապահպանական վնաս չէր կանխատեսվել։
«Արդյունքում մենք կորցնում էինք լճի քաղցրահամ ջուրը, քանի որ մեծ բաց թողումները բերում էին ջրի որակի փոփոխման։ Այսօրվա դրությամբ լիճ թափվող գետերի ոչ ջրառատ լինելու պատճառով, մենք ջրի որակի, էկոհավասարակշռության փոփոխման, ձկների շրջանում մահացության բարձր ցուցանիշի, լճի ջրերի ջերմաստիճանի բարձրացման խնդիրներ ունենք»,- տեղեկացրեց Ղուկասյանը։
Նրա խոսքերով, լճի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է պաշտպանիչ շերտի վերացմանը, ինչը թույլ չի տալիս, որպեսզի Սևանա լճի խորքային ջրերի շերտը ներթափանցի ջրի ավելի բարձր շերտեր, խանգարում է նաև ջրերի կանաչակալմանն ու թթվածնային քաղցին։
Սևանա լիճը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Լճից սկիզբ է առնում միակ աղբյուր գետը՝ Հրազդանը, ընդ որում նրա մեջ թափվում են 28 գետեր, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը 2776 խորանարդ մետր է կազմում, այսինքն 80 տոկոս, իսկ միջավազանային տարածքը՝ 699 խորանարդ մետր, այսինքն՝ լճի ընդհանուր ջրահավաք ավազանի մակերեսի 20 տոկոսը։
Սևանա լճի մակարդակը ներկայում 1899,20 մետր է, ինչը 40 սանտիմետրով ավել է 2008 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից և 25 սանտիմետրով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ լճի մակարդակը 1898,95 մետր էր։-0-