Հայ-վրացական հարաբերությունները բարեկամական կմնան - պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ- վրացական հարաբերությունները միշտ բարեկամական են եղել և կշարունակեն այդպիսին մնալ, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«Հայ-վրացական հարաբերությունները բարեկամական կմնան, ինչը միշտ էլ հատուկ է եղել երկու հարևան երկրներին»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Մինասյանը՝ մեկնաբանելով վրաց-օսական հակամարտության սրման հնարավոր հետևանքները։
Նրա խոսքերով, ներկայում վաղ է խոսել վրաց-օսական հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա գործած բացասական ազդեցության մասին։ Նրա կարծիքով, գնահատականներ տալու համար որոշ ժամանակ է պետք, մինչև իրավիճակը կայունանա։
«Բայց ես կարծում եմ՝ տնտեսական իրավիճակը, որ գոյություն ուներ նախքան հակամարտության սրումը, կպահպանվի»,- նշեց նա։
Ինչպես հայտնեց Մինասյանը, եթե ներկայում Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տեղափոխման որոշ ընդհատումներ անգամ կան, և սահմանում նկատվում է բեռնատար փոխադրամիջոցների կուտակում, ապա մոտ ժամանակներում այդ երևույթները կվերանան։
Մեկնաբանելով Հայաստանի տնտեսության վրա տարածաշրջանային հակամարտությունների բացասական ազդեցությունը թուլացնելու հնարավորությունը՝ պատգանավորը հիշեցրեց, որ յուրաքանչյուր, նույնիսկ տնտեսապես ամենահզոր պետություն փորձում է տարբերակել իր տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական և քաղաքական հնարավորությունները։
«Սա նոր մոտեցում չէ, և Հայաստանն իր հնարավորության սահմաններում փորձում է դիվերսիֆիկացում անցկացնել, ինչի վառ օրինակ են հանդիսանում վերջին տարիներին հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը»,- նկատեց նա։
Ինչպես հիշեցրեց Մինասյանը, արդեն կառուցվում է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածը, շարունակվում են նմանատիպ երկաթուղային ծրագիր իրականացնելու փորձերը։-0-