Վանաձորի բուհական ընդունող հանձնաժողովի երկու անդամ կասկածվում են կաշառք վերցնելու մեջ

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռաֆիկ Կռոյանն ու հանձնաժողովի տեխնիկական քարտուղար Հասմիկ Մելիքյանը ձերբակալված են կաշառք վերցնելու կասկածանքով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 9-ին ոստիկանության Լոռու մարզային վարչություն էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներից մեկը, իր դստեր ընդունելության քննությունների միավորները բարձրացնելու նպատակով, իրենից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
«Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` 700 դոլար կաշառք վերցնելու պահին, մերկացվել է հիշյալ ինստիտուտի ընդունող հանձնաժողովի տեխնիկական քարտուղար Հասմիկ Մելիքյանը»,- նշեցին մամուլի ծառայությունում։
Ոստիկանության տեղեկատվության համաձայն, Մելիքյանն իր բջջային հեռախոսից զանգահարել էր դիմորդների ծնողներին և պահանջել կաշառք տալ, այլապես` երեխաները դուրս կմնան մրցույթից։
Նմանատիպ հայտարարություններով ոստիկանների օգնությանն էին դիմել Լոռու մարզի ևս երեք քաղաքացիներ։
Պարզվել է, որ օգոստոսի 7-ին և 8-ին Հասմիկ Մելիքյանը նմանօրինակ ճանապարհով նրանցից պահանջել և ստացել էր 1000-ական դոլար կաշառք և այդ գումարներն ամբողջությամբ փոխանցել նույն ինստիտուտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռաֆիկ Կռոյանին։
Ոստիկանությունում ընդգծեցին, որ «անհերքելի փաստերը Ռաֆիկ Կռոյանին ստիպեցին խոստովանել, որ գնահատականները բարձրացնելու նպատակով Հասմիկ Մելիքյանն իրեն է փոխանցել 3000 դոլար կաշառքը»։
Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասով(կաշառքի ստացում) ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: --0--