2009 թ.-ին Հայաստանի մարզերում 4 երիտասարդական ռեսուրս-կենտրոն կբացվի. փոխնախարար
2009 թ.-ի ընթացքում Հայաստանի մարզերում 4 համայնքային ռեսուրս-կենտրոն կբացվի երիտասարդների համար, հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքերով, ծրագիրը ֆինանսավորվում է բյուջետային միջոցներով և յուրաքանչյուր կենտրոնի ստեղծման համար 5 մլն դրամ (շուրջ16,6 հազար դոլար) գումար է ծախսվելու։
«Նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում մարզերի երիտասարդական քաղաքականությանը, և այդ նպատակով 2006 թ.-ից երկրի մարզերում արդեն գործում են 10 ռեսուրս-կենտրոններ։ Իսկ մյուս տարի մենք մտադիր ենք ընդլայնել ծրագրի շրջանակները և արդեն բացել համայնքային կենտրոններ»,- երեքշաբթի Պողոսյանն ասաց լրագրողներին։
Փոխնախարարի խոսքերով, նոր կենտրոնները կբացվեն Գորիս, Ստեփանավան, Վարդենիս քաղաքներում, իսկ 4-րդ կենտրոնի տեղն առայժմ քննարկվում է։
Իր հերթին Սպորտի նախարարությանը կից Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի տնօրեն Մանվել Ջավադյանն ավելացրեց, որ ռեսուրս-կենտրոններում գործելու են կոնֆերենց-սրահներ, անվճար ինտերնետ կապով համակարգչային լսարաններ։ Կենտրոնների այցելուները կկարողանան իրավաբանական ու բժշկական խորհրդատվություն ստանալ, օգտվել գրադարանից և ընթերցասրահից։
«Յուրաքանչյուր կենտրոնում աշխատելու է երեք համակարգող, բացի այդ կներգրավվեն կամավորներ»,- ավելացրեց նա։
Ջավադյանի կարծիքով, երիտասարդները կկարողանան իրենց «անկյունն» ունենալ ծրագրերը քննարկելու համար, իսկ հետո հնարավորություն կունենան իրենց առաջարկությունները Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել։ --0--