Մարտյան անկարգությունների փաստով Երևանում նախնական կալանքի տակ է գտնվում 13 մեղադրյալ

2008թ. օգոստոսի 11-ի դրությամբ մարտի 1-ի անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Երևանում նախնական կալանքի տակ է գտնվում 13 մեղադրյալ, «Նովոստի-Արմենիա» գոևծակալությանը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Եվս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայկական ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանում բողոքի ցույցերէր կազմակերպել՝ դժգոհություն արտահայտելով նախագահական ընտրությունների արդյունքներից։ Բողոքի ցույցերը մարտի 1-ին վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների, ինչի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել է վնասվածքներ։
Մամուլի ծառայությունից հայտնեցին նաև, որ ավարտված է մեղադրյալներից մեկի՝ Վարդգես Հայոցյանի նկատմամբ նախաքննությունը։ Նրա նկատմամբ քրեական գործը ընդգրկվել է առանձին վարույթում։ Հայոցյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում)։ -0- Ն.Ա.