Հայաստանի և Վրաստանի միջև հնարավոր է՝ երկաթգծային լրացուցիչ երթուղի գործի

11.08.2008, 14:03
Հայաստանի և Վրաստանի միջև հնարավոր է՝ երկաթգծային լրացուցիչ երթուղի գործի
Հայաստանի և Վրաստանի միջև հնարավոր է՝ երկաթգծային լրացուցիչ երթուղի գործի

Վրաց-օսական հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառով, հնարավոր է, որ Երևանի և Թբիլիսիի միջև գործի երկաթգծային լրացուցիչ երթուղի՝ Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից։

«Հայկական կողմը պատրաստ է գործարկել Երևան-Թբիլիսի երկաթգծային լրացուցիչ երթուղին այն քաղաքացիների համար, ովքեր կկարողանան Բաթումիից Թբիլիսի հասնել առանց ընդհատումների աշխատող երկաթգծային ուղով»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։

Նա նշեց նաև, որ Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար երթուղին ներկայում աշխատում է առանց խափանումների։

Այս ուղղությամբ մարդատար գնացքների երթուղին ս.թ. հուլիսի 9-16-ը կազմակերպում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը, որը 2008թ. հունիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը։ Երևանից Բաթումի գնացքը մեկնում է ամսվա կենտ օրերին և վերադառնում Բաթումիից զույգ օրերին։

Բացի այդ, ըստ Տոնոյանի, Վրաստանի սահմանին տեղակայված հայկական «Բավրա» մաքսակետում են գտնվում լրացուցիչ մարդատար ավտոբուսներ և միկրոավտոբուսներ՝ քաղաքացիների տեղափոխման համար, ովքեր սահման են ժամանում վրացական ավտոբուսներով։

«Նախորդ գիշեր «Բավրա» մաքսակետով Հայաստան է տեղափոխվել 130 ուղևոր»,- տեղեկացրեց Ս. Տոնոյանը, հավելելով, որ այս նպատակով գործում է նաև Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանի հետ ավտոմոբիլային կապ։

Տրանսպորրտի նախարարության մամուլի քարտուղարը նշեց նաև, որ Փոթի-Կովկաս լաստանավը, որով  Ռուսաստանից Հայաստան բեռներ են տեղափոխվում, աշխատում է նույն ռեժիմով, չնայած Փոթի ծովային տերմինալի ռմբակոծմանը։

«Այս պահին բեռների հերթական մասն արդեն հատել է Հայաստանի սահմանը»,- ասաց նա, հավելելով, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի հստակեցնել տեղափոխված բեռների ծավալները։

ԱԳՆ տեղեկատվության համաձայն, օգոստոսի 10-ին 3500 Հայաստանի քաղաքացի է վերադարձել հայրենիք, այդ թվում՝ Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ։  Հարավային Օսեթիայում իրավիճակի կտրուկ սրման պատճառով շուրջ 850 օտարերկրացի քաղաքացի է դուրս բերվել Վրաստանից դեպի Հայաստան, մասնավորապես ԱՄՆ-ից, Լեհաստանից և Իտալիայից։ -0-