Հայաստանը կնշի ազգային օրացույցի 4500-ամյակը

07.08.2008, 17:59
Հայաստանը կնշի ազգային օրացույցի 4500-ամյակը
Հայաստանը կնշի ազգային օրացույցի 4500-ամյակը

Բաբելոնյան բռնակալ Բելի դեմ համայն հայության նախահայր Հայկի տարած հաղթանակի 4500-ամյա տարեդարձին և հայկական ազգային օրացույցի ստեղծմանը նվիրված տոնակատարությունները Հայաստանում կկայանան օգոստոսի 10-11-ին, հայտնեց միջոցառումների կազմակերպման «Սերունդ» նախաձեռնական խմբի նախագահ Հայկ Չոբանյանը։   

«Միջոցառումների հիմնական նպատակը օգոստոսի մեկը հայկական տոների օրացույցում ընդգրկելն է և ամեն տարի այն նշելը՝ որպես պետականության հաղթանակի, ազգային ինքնորոշման ու միաբանության խորհրդանիշ»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Չոբանյանը։ 

Իր հերթին, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը հայտնեց, որ տոնակատարությունները կսկսվեն օգոստոսի 10-ին Բաղեր հինավուրց բնակավայրում, որը ընկած է Լոռու մարզի Արտագյուղ գյուղից 5 կմ դեպի հարավ։ Այնտեղ Նավասարդի նախորդ օրը կկայանա ավանդական զոհաբերության արարողությունը, որը կուղեկցվի արևին դիմելու երգեցողությամբ։   

Նրա խոսքերով, օգոստոսի 11-ին տոնակատարությունները ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կշարունակվեն Երևանում, նախահայր Հայկի արձանի մոտ և Ազատության պուրակում։  

Նա նաև հայտնեց, որ «Հայկական ասպետ» հիմնադրամի աջակցությամբ և «Նժդեհիկներ» մանկական խմբի մասնակցությամբ միջոցառումներ կկայանան նաև Գառնի և Եղեգնաձոր քաղաքներում։

Մովսիսյանը պարզաբանեց, որ օգոստոսի 11-ը հայկական անկախ պետականության տոնն է՝ որպես բարձրագույն ազգային արժեք, «քանի որ հայ ժողովրդի նահապետ Հայկը հաղթել է Բելին ու դարձել հայկական անկախ պետականության հիմնադիր»։

«Սա չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի տարած հաղթանակի օրն է, քանի որ մենք նշում ենք Բել կեղեքիչի ու բռնակալի դեմ Հայկ ազատարարի տարած հաղթանակը»,- ընդգծեց պատմաբանը։ 

Նրա խոսքերով, սա նաև հայրենիքի առաջ խոնարհվելու օր է, քանի որ առասպելի համաձայն, Բելն առաջարկել է Հայկին ապրել իր տիրույթներում, բայց Հայկը հրաժարվել է ու գնացել իր սեփական պետության ստեղծման ուղով։

Նրա խոսքերով, «Սերունդ» նախաձեռնական խումբը պատրաստվում է ՀՀ կառավարությանը դիմել հաջորդ տարվանից պետական մակարդակով այս տոնը նշելու առաջարկով։-0-