Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնմամբ

07.08.2008, 16:58
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնմամբ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սինխուա գործակալությանը տված բացառիկ գրավոր հարցազրույցում։  

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնման գործում, ինչն, անկասկած, դրական ներգործություն կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար: Մենք ողջունում ենք վերջին տարիներին Չինաստանի արձանագրած հաջողությունները և ձեռքբերումները միջազգային ասպարեզում»,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ Չինաստանը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, առաջատար դերակատարում ունի համաշխարհային քաղաքականության մեջ:

«Չինաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է և մենք զգում ենք Չինաստանի անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային նշանակության շատ հարցերի վերաբերյալ»,- ավելացրել է Սարգսյանը։ -0-