Հայ մարզիկները Պեկին են մեկնել լավ արդյունքի հասնելու համար. ՀՀ նախագահ

Հայ մարզիկները Պեկին են մեկնել լավ արդյունք ցույց տալու համար, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սինխուա գործակալությանը տված բացառիկ գրավոր հարցազրույցում։
«Յուրաքանչյուր հայ մարզիկ Օլիմպիական մայրաքաղաք է մեկնել լավ արդյունքներ ցույց տալու և հնարավորության դեպքում նաև օլիմպիական մեդալներ նվաճելու համար»,- ասել է նա։
Հայկական պետության ղեկավարը նշեց, որ Պեկին է մեկնում բարձր տրամադրությամբ, լինելու է մեր մարզիկների կողքին և քաջալերելու է նրանց:
Երկշաբաթյա արձակուրդի շրջանակներում ՀՀ նախագահը կմեկնի Չինաստան, որտեղ կմասնակցի 29-րդ ամառային օլիմպիական խաղերի բացմանն ու կհետևի հայ մարզիկների ելույթներին։
«Ինչպես և յուրաքանչյուր երկրի նախագահ, ուրախանում եմ, երբ իմ երկրի մարզիկները հաղթում են, տխրում եմ, երբ ինչ-որ բան չի հերիքում լավ արդյունքներ ցույց տալու համար: Այսօր, Հայաստանում ևս բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Պեկին»,- ասել է Սարգսյանը։
Նախագահը նշեց, որ ինքն էլ սպորտի սիրահար է, ղեկավարում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սպորտաձև, որտեղ Հայաստանի ու Չինաստանի մարզիկները մշտապես փայլուն արդյունքներ ունեն, իսկ մեր հավաքականը գործող Օլիմպիական չեմիպոնն է:
«Հայաստանը սպորտային երկիր է: Նաև անվանի հայ մարզիկների ու հայկական սպորտի հաղթական էջերի շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկիրը հայտնի է աշխարհում: Չնայած մեր ազգաբնակչության փոքր թվաքանակին, Հայաստանը մարզական բավականին հարուստ հետագիծ է թողել համաշխարհային սպորտի, օլիմպիական շարժման կենսագրության մեջ»,- ասել է Սարգսյանը։ --0—