Միլենան և Նարեկը շարունակում են ամենատարածված անունները մնալ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նորածին մանուկների ամենատարածված անուններն են Միլենան և Նարեկը, հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը։
ԱՎԾ տվյալներով, 2008թ.-ի հունվար-մայիսին երկրում ծնվել է 15 հազար 593 երեխա, որոնցից 7 հազար 302-ը՝ աղջիկ։
«Հաշվետու ժամանակահատվածում ծնված 338 աղջիկներին անվանել են Միլենա, իսկ 373 տղաներին՝ Նարեկ»,- երեքշաբթի հայտնեց նա լրագրողներին։
Վիճակագրական տվյալների համաձայն, Միլենա միջազգային անունը արդեն մի քանի տարի շարունակ մնում է ավելի տարածված, քան այնպիսի ավանդական հայկական անուններ, ինչպիսիք են Անի (286 նորածին), Անահիտ (234), Մարիամ (198), Մանե (175), Լիլիթ (144) և Գայանե (132) անունները։ Առավել տարածված անունների տասնյակում են Էլենը (286), Աննան (183) և Մերին (161)։
Միաժամանակ, առաջվա պես հաճախ են հանդիպում ինչպես հայկական ավանդական Լուսինե, Գոհար, Անուշ, Արևիկ, Լիանա, Արմինե, Կարինե, Աստղիկ, Վարդուհի, Տաթևիկ և Նարե անունները, այնպես էլ փոքր-ինչ «էկզոտիկ» անունները՝ Անգելինա, Մոնիկա, Սյուզաննա, Վիկտորիա, Դիանա, Նելլի, Սոֆի և Լիլիա։
Նորածին տղաների անունների շարքում, Նարեկից բացի, անունների ամենատարածված հնգյակում են շարունակում մնալ Դավիթ (344 նորածին), Էրիկ (276) և Հայկ (254) անունները, դրանց միացել է նաև Արման (246) անունը։
Բացի այդ, 2008թ. առաջին հինգ ամիսների ընթացքում 223 տղա ստացել է Արթուր անունը, 209-ը՝ Տիգրան, 208-ը՝ Գոռ, 183-ը՝ Արմեն և 174-ը՝ Սամվել անունները։
Հատկանշական է, որ ծնողները նախընտրում են իրենց նորածին որդիներին կոչել բուն հայկական անուններով՝ Գևորգ, Աշոտ, Արամ, Վահե, Արսեն, Լևոն, Հովհաննես, Հարություն, Անդրանիկ, Վարդան և Վահան, թեև ժամանակակից Հայաստանում մանուկներին հաճախ տալիս են Էդգար, Ալեն, Ալեքս, Ալբերտ, Համլետ, Միքայել և Սերգեյ անունները։ -0-