Հայաստանում 2008 թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է ավելի քան 9 հազար հարկային օրինախախտում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետական հարկային ծառայությունը 2008 թ.-ի առաջին կիսամյակում կատարած 7 հազար ստուգումների արդյունքում հայտնաբերել է ավելի քան 9,6 հազար հարկային օրինախախտում, հայտնեց իրավաբանական հարցերով ՊՀԾ պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։
2007 թ.-ին ՀՀ ՊՀԾ-ն գրանցել է ավելի քան 18 հազար հարկային օրինախախտում։
«Հայտնաբերված օրինախախտումներով պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 183 մլն դրամ (շուրջ 600 հազար դոլար)։ Հիմնականում գրանցված խախտումները վերաբերել են հաշվապահական հաշվարկի սխալ կատարմանը, որոնցից հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է շուրջ 4,3 հազար դեպք»,- երեքշաբթի տեղեկացրեցին մամուլի ասուլիսի ժամանակ։
Օսիկյանի խոսքերով, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նաև հարկային մարմիններին հարկային հաշվետվություն չներկայացնելու ավելի քան 3,7 հազար դեպք, ինչպես նաև անօրինական ձեռնարկատիրության 218 դեպք։
ՊՀԾ պետի տեղակալը հատուկ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվողները կարող են ոչ միայն վարչական, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկվել։
Ինչպես ընդգծեց Օսիկյանը, հարկային ծառայությունը հետևողական կոշտ պայքար է մղելու անօրինական ձեռնարկատիրության դեմ։
Ծառայության պետի տեղակալը նշեց, որ անօրինական ձեռնարկատիրությունը Հայաստանում անհավասար պայմաններ է ստեղծում, քանի որ այդ մարդիկ բիզնես են վարում առանց պետական գրանցման և, համապատասխանաբար, հարկեր չեն վճարում, մինչդեռ օրինական և գրանցված ձեռնարկատերերը և ընկերությունները կատարում են օրենքով սահմանված բոլոր պարտավորությունները։
«Պետք չէ անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Հարկեր պարտավոր են վճարել բոլորը, քանի որ այդ մուծումները պետության ու հասարակության օգտին են գնում»,- ընդգծեց նա։ -0-