FAO-ի եվրոպական տարածաշրջանային համաժողովը կանցկացվի Հայաստանում 2010 թ.-ի ապրիլին
2010 թ.-ի ապրիլին Հայաստանում կանցկացվի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովը, տեղեկացրեց FAO Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր ներկայացուցիչ Մարիա Կադլեչիկովան (Maria Kadlecikova)։
«Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինը կլինի, որին վստահված է նման հնարավորություն», - ասաց նա երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Կադլեչիկովան նշեց, որ FAO-ն սերտ համագործակցում է Գյուղատնտեսության նախարարության հետ՝ համաժողովի հաջող անցկացման համար։
Նա տեղեկացրեց, որ համաժողովին կմասնակցեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 54 երկրներ, ինչպես նաև Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչներ։ Հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է հունիսի վերջին Ավստրիայում անցկացված FAO-ի եվրոպական տարածաշրջանային 26-րդ համաժողովի ժամանակ։
Ավստրիայում անցկացված FAO-ի եվրոպական տարածաշրջանային 26-րդ համաժողովին մասնակցել են 49 երկրների նախարարներ, ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանն այդ համաժողովին հանդես է եկել համանախագահի կարգավիճակում։-0-