Հայաստանը FAO-ից 500 հազար դոլար կստանա պարենային ճգնաժամը հաղթահարելու համար

05.08.2008, 14:18
Հայաստանը  FAO-ից 500 հազար դոլար կստանա պարենային ճգնաժամը հաղթահարելու համար
Հայաստանը  FAO-ից 500 հազար դոլար կստանա պարենային ճգնաժամը հաղթահարելու համար

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Հայաստանին որպես օգնություն 500 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի պարենային ճգնաժամը հաղթահարելու համար։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը և  FAO Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր ներկայացուցիչ Մարիա Կադլեչիկովան (Maria Kadlecikova) երեքշաբթի համապատասխան համաձայնագիր են ստորագրել։

Հայաստանը մտել է պարենային ապրանքների և վառելիքի գնաճի հետևանքով առավել տուժած 48 երկրների շարքը, որոնց FAO-ն կհատկացնի 21 միլիոն դոլլար։

 «Մեկ ամիս առաջ մենք դիմեցինք FAO ղեկավարությանը օգնություն ստանալու համար, և, իհարկե, որոշ ժամանակ անց դրական արձագանք ստացանք։ FAO-ն 500 հազար ԱՄՆ դոլար հատկացեց մեզ, և մենք համաձայնության եկանք, որ այդ միջոցները հիմնականում կտրամադրենք առավել ծանր վիճակում գտնվող ֆերմերերին էլիտար հացահատիկային սերմեր ձեռք բերելու համար»,- տեղեկացրեց նախարարը համաձայնագիրը կնքելուց հետո։   

Ըստ Ա. Գրիգորյանի, ծրագիրը ներառում է հանրապետության առավել տուժած մարզերի 4300-4500 առավել խոցելի գյուղական տնտնտեսություններ։

Նախարարը հայտնեց, որ  ֆերմերային տնտեսությունների միջև էլիտար սերմերի բաշխումը կատարվելու է օգոստոսի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, ընդ որում սերմերը ձեռք են բերվելու Հայաստանում՝  այս և հաջորդ տարի սեփական սերմերը իրացնելու հնարավորություն տալով տեղի արտադրողին։

Իր հերթին Մարիա Կադլեչիկովան տեղեկացրեց, որ սա ծրագրի առաջին փուլն է, և կարճ ժամանակում համաձայնագիր է կնքվելու ծրագրի երկրորդ փուլի իրականացման մասին, որը նախատեսում է երկրի ագրոհատվածի մարքետինգային հնարավորությունների ինստիտուցիոնալ զարգացում։

Ծրագրի շրջանակներում հայ ֆերմերներին կտրամադրվի փորձագիտական օժանդակություն՝ առաջիկա սեզոնում ցանքի երկարաժամկետ և կայուն արդյունք ապահովելու համար։ -0-