Երևանը հոկտեմբերի 11-13-ը կտոնի իր 2790-ամյակը
Երևանի 2790-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-13-ը, հայտնեց քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը։
«Այս տարի հոբելյանական միջոցառումներն առանձնահատուկ կերպով կանցկացվեն»,- երկուշաբթի մամուլի ասուլիսին ասաց նա։
Նրա խոսքերով, տոնակատարության բացումը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
«Երևանի օրվա տոնակատարությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր համայնքներում»,- նշեց Մովսիսյանը՝ ընդգծելով համայնքների ակտիվ մասնակցության կարևորությունը։
Նրա խոսքերով, Քաղաքի օրվա տանակատարություններին կմասնակցեն աշխարհի ավելի քան 20 երկրից ժամանած հյուրեր։
Մովսիսյանն ասաց, որ տոնական միջոցառումների բյուջեն դեռևս վերջնականապես սահմանված չէ և հայտնի կդառնա մոտավորապես մեկ ամսից։
Նա ավելացրեց, որ առայժմ հայտնի չէ նաև, թե որտեղ կկայանան Երևանի օրվա փակմանը նվիրված միջոցառումները։ «Տվյալ հարցը դեռ քննարկվում է։ Այսօր երեք տարբերակ է դիտվում՝ Հանրապետության հրապարակ, «Հրազդան» մարզադաշտ կամ հաջորդաբար երկու վայրում էլ»,- ասաց վարչության պետը։
Երևան քաղաքը Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինը մ.թ.ա. 782 թվականին։
Հիմնական սալիկը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչ այժմ գոյություն ունի և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։
Երևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թվականի մայիսի 28-ին։ Սկսած 1968 թվականից, երբ նշվում էր քաղաքի 2750-ամյա հոբելյանը՝ Երևանի օրը տոնվում է ամեն տարի։-0-

