Երևանը հաստատում է Ադրբեջանում ձերբակալված 4 հայ քաղաքացիներին վերադարձնելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հաստատեց ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալված 4 հայ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու փաստը։
«Այսօր ժամը 12:00-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ու դրա աշխատանքային խմբի ջանքերի շնորհիվ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ հատվածում Հայաստանի 4 քաղաքացիներին հանձնել են հայկական կողմի ներկայացուցիչներին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Շահսուվարյանը:
Նա հիշեցրեց, որ Ադբեջանում ձերբակալված Նորադուզ գյուղի և Գավառ քաղաքի բնակիչներ Վանիկ Զմբոյանը, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանն ու Աղասի Ենոքյանը 13 հոգուց բաղկացած այն խմբում էին, որը 2008 թ.-ի ապրիլին տուրուդմբոց էր սարքել Խաչիկ գյուղի զորամասում «այնտեղ ծառայող իրենց ընկերոջ դիրքերն ամրապնդելու նպատակով»։
Շահսուվարյանի խոսքերով, այն բանից հետո, երբ զորամասի գումարտակի հրամատարը նախազգուշական կրակ է բացել կռվարարներին հանգստացնելու համար, նրանք խուճապահար փախուստի են դիմել և, չկողմնորոշվելով, հայտնվել Նախիջևանի տարածքում:
«Այս փաստի առնչությամբ հենց նույն օրը քրեական գործ է հարուցվել»,- հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: --0--