Հայաստանն ու Իրանը կողմ են համագործակցության խորացմանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդա Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:
«Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց ռազմական կցորդին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Այնուհետև դեսպանը նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին:
Օհանյանը շնորհավորեց Ալլահդադիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած լուրջ ձեռքբերումները, որոնց հիմքում ընկած են հայ և պարսիկ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները:
Զրուցակիցները նաև նշեցին երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ նման անկեղծ քննարկումները կրկին կվերահաստատեն Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խնդիրներում:
Կողմերը հույս հայտնեցին, որ դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտը կշարունակի հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության:
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ՝ կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: --0—

