ՀՀ ԱԳ ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հանձնարարել է բարձրացնել քաղաքացիների սպասարկման մակարդակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հայկական դեսպանատան հյուպատոսական բաժին կատարած այցի ընթացքում հանձնարարել է գերատեսչության աշխատակիցներին բարձրացնել այցելուների սպասարկման մակարդակը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունում, անցած հինգշաբթի հյուպատոսական բաժին կատարած այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպել է Հայաստանի՝ ընդունելության եկած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրների, հյուպատոսարանի աշխատանքի ու սպասարկման կազմակերպվածության հարցերի հետ:
Այնուհետև Նալբանդյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դեսպանատան աշխատակիցների հետ: Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ արված նկատողություններով ամփոփելով հանդիպումը՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի՝ արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների կարևորագույն խնդիրներից մեկը քաղաքացիների շահերի պաշտպանումն է, Հայաստանի ամեն մի քաղաքացու խնդրի արդար, արագ ու օրինական լուծումը:
Նախարարը դեսպանատան աշխատակիցներին հանձնարարեց անել ամեն հնարավոր բան, որպեսզի Հայաստանի՝ արտասահմանում գտնվող քաղաքացիները լավագույն կերպով պաշտպանված լինեն ու «զգան, որ հարազատ պետությունը կանգնած է իրենց թիկունքին»:
Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են հյուպատոսական բաժնի աշխատանքների ամենաարդյունավետ կազմակերպման, քաղաքացիների ընդունելության պայմանների բարելավման և սպասարկման մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: --0--