Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը ուրբաթ Մոսկվայում բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության կարագավորման շուրջ, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։
Հանդիպումն անցել է փակ դռների ետևում, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նստավայրում։ Սկզբում հանդիպումն ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, որից հետո նախարարներն առանձնազրույց են ունեցել։
Դրանից հետո Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-