Երևանում քննարկում են ստեղծվելիք Սփյուռքի նախարարության և USAID-ի միջև համագործակցության ուղիները

01.08.2008, 14:52
Երևանում քննարկում են ստեղծվելիք Սփյուռքի նախարարության և USAID-ի միջև համագործակցության ուղիները
Երևանում քննարկում են ստեղծվելիք Սփյուռքի նախարարության և USAID-ի միջև համագործակցության ուղիները

ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը նախօրեին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի համակարգողի ավագ օգնական Ս.Կեն Յամաշիտային (S.Ken Yamashita) և գործակալության hայաստանյան գրասենյակի տնօրեն Ռ.Ֆիլիպսին (Robin Phillips)։

«Հանդիպման հիմնական թեման ստեղծվելիք Սփյուռքի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի միջև գործակցության հնարավոր ուղղություններն էին», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հյուրերի խնդրանքով Հակոբյանը ներկայացրել է հոկտեմբերին ստեղծվելիք կառույցի առջև դրված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, նախարարության գործառույթները և լիազորությունների շրջանակը: Կողմերն անդրադարձել են գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին նախարարության ներգրավման և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը նվիրված հետագա համատեղ աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերին։

ՀՀ սփյուռքի նախարարությունը կձևավորվի 2008 թ.-ի հոկտեմբերի 1-ին, որի հիմնական խնդիրը ողջ աշխարհի հայության համախմբումն է, արտերկրյա հայկական կազմակերպությունների և հայագիտական կենտրոնների հետ համագործակցության հաստատումը։-0-