Հայաստանում և Ադրբեջանում պետք է զուգահեռ անցկացվի ռազմավարական վերանայման գործընթաց. փորձագետներ

01.08.2008, 10:40
Հայաստանում և Ադրբեջանում  պետք է զուգահեռ անցկացվի ռազմավարական վերանայման գործընթաց. փորձագետներ
Հայաստանում և Ադրբեջանում  պետք է զուգահեռ անցկացվի ռազմավարական վերանայման գործընթաց. փորձագետներ

Հայաստանում և Ադրբեջանում  պետք է զուգահեռ անցկացվի ռազմավարական վերանայման գործընթաց, պաշտպանության ռազմավարական վերանայման մեթոդոլոգիայի հարցերին նվիրված սեմինարից հետո հինգշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են մասնագետների փորձագիտական խմբի ներկայացուցիչները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Բուլղարիայից։

«Հայաստանում և Ադրբեջանում անհրաժեշտ է զուգահեռաբար անցկացնել ռազմավարական վերանայման գործընթաց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերանայման քայլերը պետք է լինեն թափանցիկ և միջազգային հանրությանը տեսանելի», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին փորձագետների խոսքերը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Փորձագետների կարծիքով, դա թույլ կտա իրականացնել անվտանգության միջավայրի վերաբերյալ երկու երկրների պատկերացումների համադրում՝ առավելագույնս հստակեցնելով հնարավոր սպառնալիքներն ու ռիսկերը:

«Սա կստեղծի նաև որոշակի վստահության միջավայր՝ առկա հակասությունները հարթելու, հակամարտությունները լուծելու և տարածաշրջանային անվտանգության միջավայրն ամրապնդելու համար», - կարծում են փորձագետները։

Օհանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին` ներկայացված արժեքավոր և սպառիչ խորհրդատվության համար, որն առավել արդյունավետ կօգտագործվի պաշտպանության ռազմավարական վերանայման, մասնավորապես, անվտանգության միջավայրի գնահատման ընթացքում:

Նախարարը նշել է նաև, որ այս գործընթացի իրականացումը թելադրված է տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխության հետևանքով պաշտպանական բարեփոխումներ իրականացնելու և այդ միջավայրում արդյունավետ գործելու ունակ զինված ուժեր ունենալու հրամայականով:

Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ նման գործոնները շատ են և վերաբերում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական, սոցիալական և մյուս ոլորտներին, որոնք միասին կազմում են տարածաշրջանային հետագա անվտանգության պատկերը` հավանական սպառնալիքներով հանդերձ:

Այս առնչությամբ կողմերը փաստել են ռազմավարական վերանայման գործընթացում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավելու անհրաժեշտության մասին:

Նախարարը նշել է, որ այս նպատակով պաշտպանության նախարարության համակարգում պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացով զբաղվելու համար նախատեսվում է ընդլայնել պլանավորման օղակների հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նոր կառույցներ։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ փորձագիտական խումբն արդեն հնարավորություն կունենա աշխատել միջգերատեսչական աշխատանքային մարմնի  և պլանավորման օղակների փորձագետների հետ:

Պաշտպանության ռազմավարական վերանայման մեթոդոբանության հարցով սեմինարն անցկացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 1ը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում։

Սեմինարում հայկական կողմից մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի, Ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ կառավարության, արտաքին գործերի, ֆինանսների և արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության փորձագետներ:-0-