Ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի կրճատման ծրագրի արդյունքներն են ամփոփվել Երևանում

31.07.2008, 15:57
Ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի կրճատման ծրագրի արդյունքներն են ամփոփվել Երևանում
Ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի կրճատման ծրագրի արդյունքներն են ամփոփվել Երևանում

«Հայաստանի ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատում» ծրագրի արդյունքներն են  հինգշաբթի ամփոփվել Երևանում։

«Ծրագրի շրջանակներում երեք հիմնական կետ է իրականացվել, որոնք հիմնականում ուղղված էին ճանապարհային երթևեկության կանոնների մասին գիտելիքների բարձրացմանը»,- միջոցառման ժամանակ ասաց վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։   

Նրա խոսքերով, հիմնական նվաճումը ծրագրի շրջանակներում «Վարորդական իրավունքի ստացման տիպային քննական տոմսեր» վերնագրով գրքույկի հրատարակումն է։

«Մեր բազմամյա փորձը ցույց տվեց, որ հայ վարորդների մեծ մասը բավականաչափ ծանոթ չէ ճանապարհային երթևեկության կանոնների հետ, իսկ այս գրքույկը կարող է զգալիորեն բարձրացնել նրանց գիտելիքների մակարդակը»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով, ճանապարհային երթևեկության բոլոր կանոնների և դրանց համապատասխան կիրառումների մասին տեղեկացված լինելը կարող է կրճատել ՃՏՊ-ների թիվը։   

Նա ավելացրեց, որ նման գիտելիքները ևս էապես կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերն ու կբարձրացնեն մեքենա վարելու կուլտուրան։ 

Բացի այդ, Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում վարորդական իրավունքի ստացման կարգի և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությամբ ստենդներ են տեղադրվել երկրի տարբեր շրջաններում գտնվող յոթ քննական լսարաններում։ Այսպես, մեկական ստենդ է տեղադրվել Արմավիրի, Գյումրիի, Վանաձորի և Աբովյանի շրջաններում, իսկ մյուս երեքը՝ Երևանում։ 

«Բացի այդ, «Աքիլես» կազմակերպությանը կից բացվել է «թեժ գիծ», որը Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատանքի յուրօրինակ բարոմետր է»,- ասաց նա։ Այսպիսով, Հովհաննիսյանի տվյալներով, դրա շնորհիվ վերջին երեք ամսում կոռուպցիոն ռիսկերը նվազել են մոտավորապես 7-9 անգամ՝ մինչև 5-10 տոկոս։ --0--