ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս ունի, որ Թուրքիայի նախագահը կընդունի Հայաստան այցելելու՝ հայկական կողմի հրավերը

30.07.2008, 18:26
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս ունի, որ Թուրքիայի նախագահը կընդունի Հայաստան այցելելու՝ հայկական կողմի հրավերը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ Թուրքիայի նախագահը կընդունի Հայաստան այցելելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը։

«Հուսով եմ, որ Գյուլը կընդունի նախագահ Սարգսյանի հրավերը։ Հնարավոր այցը կողմերին հնարավորություն կտա քննարկել հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և հնարավորություն կտա հարաբերություններ հաստատելու ուղի դուրս գալ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը։  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլին պաշտոնապես Երևան է հրավիրել երկու երկրների ազգային հավաքականների միջև 2010 թ.-ի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի սեպտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումը միասին դիտելու համար։  

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:

Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։

Բացի այդ, Թուրքիան բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։-0-