Երևանն առաջարկում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յուշչենկոյին առաջարկել է համատեղ քայլեր ձեռնարկել հայկական Սուրբ Խաչ հինավուրց եկեղեցին Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար։
«Ես Ուկրաինայի նախագահին առաջարկեցի մեր արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել՝ համատեղ քայլեր ձեռնարկել Սուրբ խաչն ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Մենք արդեն այս ուղղությամբ հաջող օրինակներ ունենք: Բոլորովին վերջերս Իրանում գտնվող հայկական երեք հուշարձաններ ընդգրկվեցին այդ ցուցակում»,-ասել է Սարգսյանը երեքշաբթի՝ ելույթ ունենալով Ղրիմում Սուրբ Խաչ եկեղեցու 650-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարության ժամանակ։
Նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը երախտապարտ է Ուկրաինայի, Ղրիմի իշխանություններին, ճարտարապետներին ու շինարարներին տաճարի վերականգնման ազնիվ աշխատանքի համար:
«Ես կցանկանայի շնորհավորել նաև Ուկրաինայում և, մասնավորապես, Ղրիմում բնակվող մեր հայրենակիցներին և շնորհակալություն հայտնել նրանց եկեղեցու վերականգնմանն ակտիվ մասնակցելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար նախագահի խոսքերը մեջբերեցին նրա մամուլի ծառայությունից։
Նա նշել է, որ Ղրիմի թերակղզին միշտ եղել և մնում է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, տարբեր դավանանքների հետևորդների բնակության վայր:
«Խորհրդանշական է, որ այս հոբելյանը և վերականգնված տաճարի օծումը համընկել են նշանակալի և հանդիսավոր տարեթվի՝ Ռուսիայի մկրտության 1020-ամյակի հետ»,- ընդգծել է Սարգսյանը:
Նրա խոսքերով, Սուրբ Խաչը ոչ միայն մեր հոգևոր մշակույթի անքակտելի մասն է, այլև՝ Ղրիմի թերակղզու մարգարիտներից մեկը: Նախագահը նշել է, որ ցանկացած ճարտարապետական հուշարձան ներդաշնակ է միայն այն համատեքստում և այն լանդշաֆտում, որում այն ստեղծված է՝ վստահություն հայտնելով, որ վերականգնված Սուրբ Խաչ համալիրը կարող Է դառնալ Ղրիմի զբոսաշրջային երթուղիների հոյակապ լրացումը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Սուրբ Խաչ համալիրը Ղրիմի հայերի հոգևոր կենտրոնն է, հայկական առավել նշանակալի պատմական հուշարձաններից մեկը:
«Այսօր, երբ մեր շուրջը տեսնում ենք անհանդուրժողության, միջդավանական ու միջմշակութային հակամարտությունների ու դիմակայությունների հազարավոր օրինակներ, մենք վկան ենք դառնում այն բանի, թե ինչպես են ոչ թե խոսքով, այլ գործով մեր ժողովուրդներն անկեղծորեն ու համոզվածությամբ վերադառնում իրենց պատմության այն ընդհանուր էջերին, երբ նրանք ոչ միայն գոյակցում էին աշխարհագրական նույն տարածքում, այլև միասին արարում էին ու ստեղծագործում»,- ասել է Սարգսյանը:
Նա վստահություն է հայտնել, որ այսօրվա իրադարձությունը, ավելացնելով նոր էջ մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունների փառավոր պատմության տարեգրության մեջ, խթան կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման համար ոչ միայն մարդասիրական, այլ նաև` քաղաքական, տնտեսական և մեր համագործակցության մյուս ոլորտներում:
«Վերականգնված Սուրբ Խաչ համալիրին ցանկանում եմ երկար տարիներ, որպեսզի հետագա 650 տարիները ևս այն շարունակի լինել ոչ միայն հավատի և հույսի տաճար, այլև` ժողովուրդների և կրոնների փոխըմբռնման, համաձայնության և բարեկամության խորհրդանիշ»,- ասել է երկրի ղեկավարը:
Շուրջ մեկ ու կես հազար հավատացյալներ երեքշաբթի տոնել են Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրման 650-ամյակը։ Այն միջնադարում Սև ծովի հյուսիսային ափի մերձակա շրջանների հայերի հոգևոր կյանքի կենտրոնն է եղել։
1358թ.-ին հիմնադրված Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ղրիմի Կիրովի շրջանի լեռներում, Հին Ղրիմ քաղաքից ոչ հեռու։
Վեց տարի առաջ 1925 թվականին լիկվիդացված եկեղեցու ավերակները վերադարձվել են հայկական եկեղեցուն։
Սուրբ Խաչ եկեղեցին հոբելյանի կապակցությամբ մասամբ վերականգնել են։ Եկեղեցական համալիրի վերակառուցումը, Հին Ղրիմից եկող երեք կմ երկարությամբ ասֆալտե ճանապարհի շինարարության հետ մեկտեղ, Ղրիմի բյուջեից պահանջել է 9 մլն գրիվեն (շուրջ 2 մլն դոլար), գումարի մեծ մասը հատկացվել է Ղրիմի բյուջեից։ --0--