Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները. ՀՀ ԱԳՆ

30.07.2008, 17:29
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը օգոստոսի մեկին կհանդիպեն Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Մոսկվայում ԱԳՆ ղեկավարների հանդիպումները կկայանան ինչպես երեք համանախագահների հետ ընդլայնված կազմով, այնպես էլ՝ երկու նախարարների առանձին հանդիպումները»,- տեղեկացրեց նախարարը։

ԱԳՆ ղեկավարի խոսքերով, հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն համանախագահների մադրիդյան առաջարկությունները, որոնց հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը։

2007 թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համանախագահները կարծում են, որ «մադրիդյան առաջարկություններն» արդար ու հավասարակշռված են։

Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակել արդեն սկսված ճանապարհով, որը հիմնված է, այսպես կոչված, մադրիդյան առաջարկությունների վրա։

«Դա այն ճանապարհն է, որը կօգնի մեզ լուծել հակամարտությունը»,- վստահեցրեց հայ դիվանագետը։

Երկու նախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-