Երևանը հուսով է՝ Սենատի քննարկման արդյունքում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ ԱՄՆ Սենատի քննարկման արդյունքում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը
«Այդ կապակցությամբ իր դիրքորոշումն արդեն արտահայտել է նախագահ Սարգսյանը։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ հուսով եմ, որ Սենատի քննարկման արդյունքում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նալբանդյանը հույս է հայտնել, որ Ամերիկայի դիվանագիտական առաքելության ղեկավարը շուտով կժամանի Երևան և իր նպաստը կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը:
Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում մայիսին ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել աջակցել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հաստատման հարցի լուծմանը՝ նշելով, որ դա ելնում է հայ-ամերիկյան բազմակողմ համագործակցության շահերից։
Սպիտակ Տան վարչակազմը 2008թ. մարտին ՀՀ կառավարությանը նոտա է ուղարկել՝ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի՝ Մարիա Յովանովիչի (ավելի վաղ՝ ԱՄՆ-ի դեսպան Ղրղզստանում) նշանակման համաձայնության հայցով։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով Հայաստանից Էվանսի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչեցված հայտարարություններն էին:-0-