ԵԱՀԿ հակակոռուպցիոն ընդունարանների գործունեությունը քննարկվել է ՀՀ փոխվարչապետի մոտ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ երեքշաբթի ներկայացվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն հանրային ընդունարանների գործունեության ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրները։
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանրային ընդունարաններն աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ և նրանց ունեցած տվյալները բավական օբյեկտիվ և շատ արժեքավոր են մեզ համար։ Ցանկալի կլիներ, որ նման ընդունարաններ ստեղծվեին նաև մյուս մարզերում՝ կոռուպցիոն ռիսկերը, թերությունները բացահայտելու և արագ արձագանքելու համար»,- քննարկումների ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Քննարկմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ արդարադատության փոխնախարարը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, հանրային ընդունարանների աշխատակիցներ։
2005 թվականից ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիային աջակցում է՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Այդ ծրագրերի շրջանակում 2006-ին Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվեցին հակակոռուպցիոն հանրային ընդունարաններ։
Ինչպես նշվեց ԵԱՀԿ գրասենյակի մամուլի ծառայությունից, հանրային ընդունարաններ դիմած քաղաքացիներից ստացված տեղեկատվության վերլուծությունը վկայում է, որ մարդիկ դժգոհում են դատական համակարգի, նոտարների, կադաստրի, ՔԿԱԳ, ԴԱՀԿ մարմինների, անձնագրերի և վիզաների վարչության գործունեությունից։
Քաղաքացիները դժգոհ են նաև իրավապահ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից, տարբեր մակարդակների պետական պաշտոնյաների կողմից անհարգալից վերաբերմունքից, հասարակության լայն շերտերին վերաբերող ընդունվող իրավական ակտերի մասին տեղեկատվության պակասից և այլն։
Քննարկման ընթացքում ՀՀ ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ վերջին շրջանում անձնագրերի և վիզաների վարչությունում կատարվող բարեփոխումների, կադրային փոփոխությունների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը զգալի կրճատվել են։
Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված հակակոռուպցիոն հանրային ընդունարանների հետ։ Մասնավորապես, նախատեսվում է գերատեսչություններում ունենալ մեկ պատասխանատու, ով եռամսյակը մեկ անգամ հանրային ընդունարաններից տեղեկություն կստանա իրենց կողմից համակարգվող ոլորտներից ստացվող դժգոհությունների մասին, համատեղ քննարկել հակակոռուպցիոն հանրային ընդունարանների ունեցած փաստերը։
Հանդիպման մասնակիցները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կոռուպցիոն դրսևորումների կրճատման և մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ընդունելի մի շարք առաջարկներ ընդունեցին։
Ընդունվեց նաև հակակոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման և մոնիտորինգի նպատակով հանրային ընդունարանները որպես գործիք օգտագործելու մասին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչի առաջարկը։
Հանրային ընդունարաններում քաղաքացիները համապարփակ իրավական և փորձագիտական խորհրդատվություն են ստանում հետևյալ ոլորտներում՝ հանրային առողջություն, կրթություն, բանակ և զորակոչ, փոքր և միջին ձեռնարկություններ, հանրային ծառայություններ և սպառողների իրավունքներ, ճանապարհային ոստիկանություն և վարորդների իրավունքներ, քաղաքացիական և վարչական իրավունքի հարցեր։ --0--