Երևանի մարտի անկարգությունների մասնակիցներից որևէ մեկը չի պատժվի քաղաքական համոզմունքների համար. քննիչ

29.07.2008, 17:03
Երևանի մարտի անկարգությունների մասնակիցներից որևէ մեկը չի պատժվի քաղաքական համոզմունքների համար. քննիչ
Երևանի մարտի անկարգությունների մասնակիցներից որևէ մեկը չի պատժվի քաղաքական համոզմունքների համար. քննիչ

Երևանի մարտի 1-2-ի դեպքերի մասնակիցներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի միայն իր քաղաքական համոզմունքների համար, հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Երևանի զանգվածային անկարգությունների գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։

«Հայաստանում ոչ ոք չի հետապնդվում իր քաղաքական համոզմունքների համար, երկրի Քրեական օրենսգիրքը նման պատժամիջոց չի նախատեսում։ Մեղադրյալների նկատմամբ քրեական գործի քննությունն իրականացվում է խստիվ օրենքի շրջանակներում»,- ասաց նա երեքշաբթի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

Մեկնաբանելով նախաքննության ավարտի հնարավոր ժամկետների վերաբերյալ խնդիրը՝ Հարությունյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ինքնակամ խիստ ժամանակային սահմաններ հաստատել։ Ինչպես հիշեցրեց քննիչը, նախաքննության ժամկետները, դրանք երկարաձգելու կարգը սահմանված է ՀՀ Քրեականա դատավարության  օրենսգրքով։

Նախքննության ժամկետները սահմանված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 197 հոդվածով, համաձայն որի քրեական գործի նախաքննությունը պետք է ավարտվի երկամսյա ժամկետից ոչ ուշ։ Դատախազը կարող է երկարաձգել ժամկետը՝ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա։

«Սակայն ասել, որ նման մասշտաբային ու բարդ գործի քննությունը կավարտվի հինգ, տասը օրից կամ 2 ամսից, չի կարելի»,- ընդգծեց նա։

Ինչպես նշեց Հարությունյանը, վերջին շրջանում հասարակությունում լուրեր են պտտվում, որ հետաքննությունն ընթանում է ծայրահեղ դանդաղ տեմպերով, և հաճախ քննչական գործողություններ պարզապես չեն տարվում։ Այս կապակցությամբ քննչական խմբի ղեկավարը նշեց, որ քննությունը տարվում է անդադար և հաճախ ոչ աշխատանքային օրերի հաշվին։

Մարտի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է  2008 թվականի հունիսի 16-ին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում։ Բանաձևն ընդունվել է ապրիլին մարտի 1-ին՝ ընդդիմության կողմից անցկացված հանրահավաքից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բարդ քաղաքական իրավիճակի կապակցությամբ։ --0--