Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթին հայ երգիչ Մհերն արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին

Հայ երգիչ Մհերն արժանացավ «Նոր ալիք 2008» փոփ-երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հանդիստատեսի համակրանք մրցանակին։ Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը, Մհերը պարգևատրվեց հանդիսատեսի համակրանք մրցանակով՝ «Սմոլենսկիե բրիլիանտի» ընկերությունից ստանալով «Ադամանդե ալիք» ոսկյա զարդը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց «Georgia» (Վրաստան) դուետը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս երգչուհի Իրիսը, ով նաև ամենալավ ոճ ունեցող մասնակից ճանաչվեց, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց իտալացի Ալեսանդրո Ռիսթորին (Alessandro Ristori)։ Բոլոր հաղթողները ստացան դիպլոմներ և համապատասխանաբար 70 հազ., 40 հազ. և 30 հազ. դոլար դրամական մրցանակներ։
«Նոր ալիքի» բոլոր մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, հուշանվերներ և ծաղկեփնջեր։ Մրցույթի մուսայի ՝ Ալլա Պուգաչովայի «Ալլայի ոսկե աստղ» մրցանակը, դիպլոմներ և 50 հազարական դոլար ստացան երկու մասնակիցներ՝ Օմարը՝ Ղրղզստանից և Դյադյա Վանյան՝ Բելառուսից։
Քաղաքային Դումայից յուրմալացիների մրցանակը հանձնվեց լատվիացի կատարող Dons’у-ն։ Ամենաերիտասարդ մասնակիցը Ռուսաստանից՝ Նյուշան, բացառիկ ժամացույց ստացավ Jacob & Co-ից։ Ֆյոդոր Բոնդարչուկը «Զակլյոպկի» (Ուկրաինա) խմբին հանձնեց МУЗ-ТВ հեռուստաալիքի հավաստագիրը՝ տեսահոլովակի նկարահանման և այն եթերում ցուցադրելու իրավունքով։
«Նոր ալիք-2008» մրցույթը եզրափակվեց մեծ գալա-համերգով, որին ելույթ ունեցան ինչպես մրցույթի մասնակիցները, այնպես էլ ռուսական և համաշխարհային երաժշտության աստղերը։
Հուլիսի 23-ին Յուրմալայում մեկնարկել է փոփ-երաժշտության բնագավառում երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2008» միջազգային մրցույթը։
Մրցույթին մասնակցում է 17 կատարող՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Ղազախստանից, Իսրայելից, Կանադայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Իտալիայից, Լատվիայից, Ղրղզստանից։
«Նոր ալիք» մրցույթն անցկացվում է 2002 թ.-ից։ Նոր մրցույթ կազմակերպելու գաղափարը, որը ոչնչով նման չէ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում ավելի վաղ անցկացվող մրցույթներից, կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է։
«Նոր ալիքի» առաջին հաղթողը դարձավ «SMASH!!» ռուսական դուետը։
Տարբեր տարիներին մրցույթի դափնեկիրներն են եղել Դիմա Բիլանն ու Անաստասիա Ստոցկայան, ովքեր այսօր հանրահայտ կատարողներ են։-0-