Նոր մամուլի ակումբ է բացվել Երևանում
Երկուշաբթի Հայաստանի Երիտասարդական կուսակցության նախաձեռնությամբ մայրաքաղաքում նոր՝ «Արցախ» մամուլի ակումբն է բացվել։
Կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանի խոսքերով, նոր մամուլի ակումբի բացման նպատակը գրեթե երկու տասնամյակ Հայաստանի համար ազգային կարևորագույն խնդիր հանդիսացող արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական գործիչների դիրքորոշումների կոնկրետացումն է։
«Մենք կփորձենք պարզել իշխանական բուրգում իրական տեղ զբաղեցնելու հավակնություններ ունեցող մարդկանցից Արցախի անկախության, Հայաստանի հետ միավորման հնարավորությունների և ընդհանուր առմամբ հայկական պետականության ամրապնդման հետ կապված իրենց դիրքորոշումը»,- լրագրողներին ասաց Բաբայանը։
Նրա խոսքերով, ակումբն անկախ է լինելու։ «Բոլորի համար տարբեր պայմաններ կապահովվեն։ Մենք հրավիրելու ենք ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և մշակույթի ներկայացուցիչների։ Յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնելու հնարավորություն կունենա»,- ավելացրեց կուսակցության ղեկավարը։
Նա նշեց, որ մամուլի ակումբի ղեկավարությունը մտադիր է հրավիրել նաև երիտասարդ քաղաքական գործիչներին՝ այն սերնդի ներկայացուցիչներին, որը վաղն իր վրա է վերցնելու երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը։
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով այսօր կամ վաղը կփորձի քաղաքական դիվիդենտներ վաստակել Արցախի անկախության հաշվին, գործ կունենա մեր սերնդի հետ։ Մեր սերունդը լավ է հիշում թե 1988 թ.-ը, թե ղարաբաղյան պատերազմի տարիները, լավ գնահատում է վերջին իրադարձություններն ու առաջ է նայում»,- ասաց Բաբայանը։
Նա հայտնեց, որ մամուլի ակումբի տնօրինությունը ծրագրում է առաջինը հրավիրել Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանին՝ որպես մեկը արցախյան շարժման կազմակերպիչներից։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-