Հայկական ընդդիմությունը չի ձգտում իջեցնել երկրի վարկանիշը եվրոպական կառույցներում. Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար

25.07.2008, 17:43
Հայկական ընդդիմությունը չի ձգտում իջեցնել երկրի վարկանիշը եվրոպական կառույցներում. Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը երբեք չի ձգտել իջեցնել երկրի վարկանիշը եվրոպական կառույցներում, ուրբաթ հայտարարեց արմատական ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Մենք երբեք մեր ռազմավարությունը չենք կառուցել այն բանի վրա, որ ցույց տանք Եվրոպային, թե ինչպիսի վատ վիճակում է ժողովրդավարությունը Հայաստանում և երկրի նկատմամբ պատժամիջոցներ բերենք, իսկ հետո՝ ծափահարենք մեր հաղթանակին»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ներկայումս երկրի իշխանությունների առջև կանգնած է իրականացումը Հայաստանի վերաբերյալ 1620 բանաձևի, որն ընդունվել է հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում՝ նախորդ 1609 բանաձևի քննարկման ընթացքում, որը նախատեսում է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննությանը, ընդդիմության իրավունքների ընդլայնմանն ուղղված պահանջները չկատարելու դեպքում։

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները դժգոհություն հայտնեցին Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման ժամկետը 2008թ.-ի հունիսից մինչև 2009թ.-ի հունվար երկարացնելու մասին՝ ԵԽԽՎ որոշման կապակցությամբ։  

Մուսինյանի խոսքերով, ընդդիմությունը հասարակության հետ մեկտեղ շարունակում է քաղաքական պայքարը և կարծում է, որ հարցերը լուծվում են երկրի ներսում։ Ընդ որում նա ավելացրեց, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների անդամ է և որոշակի պարտավորություններ ունի դրանց առջև, որոնք պետք է կատարել։ 

Միաժամանակ Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը նշեց, որ «եթե միջազգային կառույցները Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառեն, դա ընդդիմությանը չի հիասթափեցնի»։

«Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանում իշխանափոխության խնդիրը պետք է լուծվի երկրի ներսում, այլ ոչ թե մեկ ուրիշ վայրում»,- ասաց նա։ --0--