Հայ հասարակությունը լարվածության վերացում է ակնկալում. Գարեգին Բ

25.07.2008, 15:49
Հայ հասարակությունը լարվածության վերացում է ակնկալում. Գարեգին Բ
Հայ հասարակությունը լարվածության վերացում է ակնկալում. Գարեգին Բ

Հայաստանում լարվածության վերացումը բոլորի սպասումն է, երեկ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։

«Թե իշխանության և թե ընդդիմության ներկայացուցիչներն ու կողմնակիցները Հայաստանյայց եկեղեցու զավակներն են, և Հայ եկեղեցուն մտահոգում է յուրաքանչյուր հայորդու ճակատագիրը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար կաթողիկոսի խոսքերը մեջբերեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։  

Դե Պյուչն էլ իր հերթին առանձնակի կարևորեց Ամենայն Հայոց կաթողիկոսի դերը հասարակության մեջ հաշտարար մթնոլորտի ստեղծման գործում։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

«Նորին Սրբությունը, մասնավորապես, մտահոգություն հայտնեց Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ, որոնք վերջին շրջանում հաճախադեպ են դարձել նաև Ադրեբջանի հոգևոր առաջնորդի կողմից»,- նշեց տեղեկատվական համակարգի ներկայացուցիչը։

Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձավ նաև Ադրբեջանում հայոց հոգևոր ու մշակութային կոթողների նկատմամբ իրականացվող բարբարոսական քաղաքականությանը` մասնավորապես մատնանշելով Հին Ջուղայի խաչքարերի իսպառ ոչնչացումը:--0--