Երևանում բացվել է Համահայկական կրթական երրորդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում բացվել է Համահայկական կրթական երրորդ համաժողովը: Համաժողովին մասնակցում են 147 հայ ուսուցիչներ, հայկական կրթական հաստատությունների և աշխարհի 31 երկրի կրթական կենտրոնների տնօրեններ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՀՀ նախագահի խորհրդական Մանուկ Թոփուզյանը։
«Ուրախ եմ, որ համաժողովը Հայաստանում է մեկտեղել արտերկրում հայեցի կրթության ու դաստիարակության հարցերով նվիրյալներին, սփյուռքում հայապահպանության առաջամարտիկներին` հայ ուսուցիչներին: Այսօր ես երախտագիտության խոսք եմ ուղղում ձեզնից յուրաքանչյուրին։ Դուք իրականացնում եք հային հայ պահելու, օտար ափերում մեծացող հայորդիներին լեզվով և ոգով հայ դաստիարակելու, հայրենասեր սերունդ կրթելու վեհ առաքելությունը», - նշել է ՀՀ նախագահը համաժողովի մասնակիցների ուղղված իր ուղերձում։
Սարգսյանի կարծիքով, հայապահպանության և հայրենասեր սերունդ կրթելու գործում Հայաստանը ևս լուրջ անելիքներ ունի: ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ հայրենիք հաճախակի այցելությունների, նմանօրինակ համաժողովների ու քննարկումների շնորհիվ հայ ուսուցիչները նոր գիտելիքներ, շունչ ու ոգի են առնելու և հաղորդելու իրենց սաներին, ում վիճակված է շարունակելու «հայ ժողովրդի հավերժական ընթացքը»։
Համահայկական կրթական համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ 2004 թ.-ին առաջին անգամ անցկացված համաժողովը միավորել էր 25 երկրի 125 մասնակցի, 2006 թ.-ին անցկացված երկրորդ համաժողովը՝ 21 երկրի 122 մասնակցի։
Մինչև հուլիսի 28-ը շարունակվող Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակիցները կքննարկեն Հայաստանի կրթական քաղաքականությունը և դրա բարեփոխման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթության համակարգի արդիականացումը, հայագիտական սկզբունքների դասավանդման հիմնական ուղղությունները, սփյուռքի կրթական հաստատություններում, սփյուռքի ներկայացուցիչներին հայերենի՝ որպես երկրորդ լեզվի դասավանդման խնդիրները։-0-