«Ժառանգություն» կուսակցությունը հավակնում է Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժի դերին. պատգամավոր
«Ժառանգություն» կուսակցությունը հավակնում է Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժի դերին, ասաց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
««Ժառանգություն» կուսակցության hետևում կանգնած քաղաքական ուժերն ունեն սեփական քաղաքական ծրագրեր և չեն ցանկանում ձուլվել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, եթե երաշխիք չլինի, որ կուսակցությունը կժառանգի նրա ընտրազանգվածը», - ասաց նա ուրբաթ լրագրողներին։
Աշոտյանի խոսքերով, այժմ «Ժառանգությունը» կիսատ-պռատ հայտարարություններ է անում Հայ ազգային կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ, որի առաջնորդը կլինի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով պարտություն էր կրել 2008 թ.-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։
Պատգամավորը համոզված է, որ «Ժառանգություն» կուսակցությունը 2012 թ.-ի խորհրդարանական և 2013 թ.-ի նախագահական ընտրություններում հավակնում է լինել առաջատար դիրքերում և քաղաքական դաշտում սահմանել խաղի սեփական կանոնները։
««Ժառանգությունը» այժմ օգտվում է Տեր-Պետրոսյանի քաղաքականության պտուղներից, և տրամաբանական է առաջին նախագահի ընտրազանգվածը սեփականաշնորհելու նպատակով Հայ ազգային կոնգրես մուտք գործելը», - ասել է Աշոտյանը։
Նա ընդգծել է, որ Կոնգրես մուտք գործած կուսակցությունները պայքարելու են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդի տեղի համար։
Օրերս «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ կուսակցությունը, հնարավոր է, չմիանա նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսին։
Հայ ազգային կոնգրես ստեղծելու մասին առաջարկությունն արել է Տեր-Պետրոսյանը՝ մայիսի 2-ին ելույթ ունենալով իր կողմնակիցներին միավորող «Համազգային շարժման երկրորդ կոնգրեսում»։ Միաժամանակ նա բացառել է, որ կոնգրեսը հետագայում կարող է դառնալ միասնական կենտրոնամետ ուժ կամ կուսակցություն։
«Ժառանգությունը» ՀՀ խորհրդարանի միակ ընդդիմադիր խմբակցությունն է։ 131 տեղանոց Ազգային ժողովում խմբակցությունն ունի 7 պատգամավոր։-0-