ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում է Ջավախքում ստեղծված իրավիճակը

24.07.2008, 20:13
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում է Ջավախքում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հինգշաբթի Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջանում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի հասարակության հետ կապերի ու տեղեկատվության բաժնից, Հարությունյանն իր վրացի գործընկերոջն ասել է, որ մտահոգ է Ջավախքում վերջին շրջանում տեղի ունեցած պայթյունների, երկու հայ ոստիկանի սպանության և դրա հետ կապված լարված իրավիճակի կապակցությամբ:  

Ի պատասխան Սուբարին հայտնել է, որ սույն թվականի հուլիսի 26-ին մեկնելու է Ջավախք՝ ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Հարությունի խնդրանքով պարոն Սուբարին խոստացել է տեղյակ պահել այցի արդյունքների, ինչպես նաև իր կողմից իրականացված գործողությունների և դրանց արդյունքների մասին:                                                                                        

Ս.թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տանից որոշակի հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել։ Պայթյունից անմիջապես հետո քաղաք է մտցվել Վրաստանի հատուկ նշանակության զորքը, և խուզարկություն է սկսվել էթնիկ հայերի իրավունքները պաշտպանող «Միասնական Ջավախք» հայկական կազմակերպության անդամների տներում։ Շարժման շատ անդամների ձերբակալել են, նրանց տները խուզարկության են ենթարկվում։

Ս. թ. հուլիսի 20-21-ի գիշերը վրացական հատուկ նշանակության զորքն ու տեղական ոստիկանության ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահան Չախալյանի տուն, ձերբակալել նրան ու նրա ընտանիքի անդամներին՝ եղբորը, հորը և մորը։ Ձերբակալելուց անմիջապես հետո Վահան Չախալյանին ու նրա հարազատներին տեղափոխել են Ախլցխա, իսկ այնուհետև՝ Թբիլիսի։ Ճաղերի ետևում է գտնվում նաև «Միասնական Ջավախք» կազմակերպության ևս մեկ անդամ՝ Արամ Բատոյանը։ --0—