ՀՀ վարչապետը եվրոպական արժեհամակարգին անհարիր է համարում Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի ձևակերպումները

ՀՀ վարչապետը եվրոպական արժեհամակարգին անհարիր է համարում ԵԽԽՎ-ում ընդունված՝ Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի ձևակերպումները։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի (Lluis Maria de Puig) հետ հանդիպման ընթացքում, վարչապետը իր մտահոգությունն է հայտնել ԵԽ հունիսյան նստաշրջանում ընդունված այն ձևակերպման հետ, ըստ որի` Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնաման հետ:
Վարչապետը նման ձևակերպումը համարել է խիստ վտանգավոր, ներկա բանակցային գործընթացը վտանգող ու եվրոպական արժեհամակարգին, հիմնարար դրույթներին ոչ հարիր մոտեցում։
«Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի համահավասար նորմ է, ինչպես ինքնորոշման իրավունքը, և պնդել, թե Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների զարգացումը դժվար է առանց տարածքային ամբողջականության վերականգնման, հետ քայլ է ԵԽԽՎ որդեգրած արժեքներից», - ասել է Սարգսյանը։
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվեց Ադրբեջանի վերաբերյալ բանաձևը, որը պարունակում է դրույթ, ըստ որի դժվար է ժողովրդավարացում ակնկալել տարածքային ամբողջականության խնդիր ունեցող երկրում։-0-