Եվրախորհուրդը բացառում է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը. ԵԽԽՎ նախագահ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը հայտարարեց, որ Եվրախորհուրդը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի շրջանակներում և բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով ցանկացած ռազմական լուծում։
«ԵԽԽՎ-ն ընդունում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց դե Պյուչը երեքշաբթի Երևանում՝ ԱԺ հայկական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանրապետության ԱԺ հասարակության հետ կապերի վարչությունից, նա ասել է, որ թեև ԵԽ-ն մեծ դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է իր ներդրումն ունենալ՝ երկխոսություն կազմակերպելով խորհրդարանական շրջանակներում։
ԵԽԽՎ նախագահը գտնում է, որ պետք է ամբողջովին սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որն, իր խոսքերով, հսկայական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։
Իր հերթին, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը, անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանում ընդունված մեկ այլ բանաձևի, համաձայն որի մինչև չլուծվեն տարածքային ամբողջականության հարցերը, դժվար է ակնկալել ժողովրդավարական զարգացումներ այդ երկրներում, նշեց, որ դա ձևավորում է ռեզերվացիա` ժողովրդավարական գործընթացները այս կամ այն երկրում զարգացնելու համար. մասնավորապես, խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային, Վրաստանին:
«Մինչդեռ 1991 թ.-ից շրջափակման մեջ գտնվող Հայաստանը որևէ նախապայման չի առաջադրում իր ժողովրդավարական զարգացումներն իրականացնելու համար»,-ասաց Ադոնցը՝ դա անվանելով երկակի ստանդարտների դրսևորում։
Այս առնչությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տարակուսանք հայտնեց, որ միայն տարածքային ամբողջականության հարցն է քննարկվում, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ նշել են, որ լուծումներ որոնում են երկու հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հարթության մեջ:
Հարությունյանը կոչ արեց սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին և զարմանք հայտնեց, որ Պյուչի՝ Բաքու կատարած այցի մասին ԵԽ պաշտոնական կայքում տեղակայված մամլո հաղորդագրության մեջ կա մի ձևակերպում, համաձայն որի «անհրաժեշտ է շտապ գտնել ԼՂ հարցի լուծումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` օգտագործելով բացառապես խաղաղ միջոցները»:
Հարությունյանի կարծիքով, այդ ձևակերպումը վտանգում է բանակցային գործընթացը։
Այդ առնչությամբ Պյուչը նշեց, որ պատասխանատու է իր, բայց ոչ լրատվամիջոցներում իրեն վերագրված ձևակերպումների համար, որոնք կարդալով՝ տեսել է, որ չեն համապատասխանում իրականությանը։
Պարոն Պյուչի խոսքերով, ինքն ասել է այն, ինչ արձանագրված է ԵԽԽՎ բանաձևում` ԵԽԽՎ-ն ընդունում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը: --0--