ՀՀ վարչապետը կոչ է անում հայերին` երեքից ավելի երեխա ունենալ

23.07.2008, 18:30
ՀՀ վարչապետը կոչ է անում հայերին` երեքից ավելի երեխա ունենալ
ՀՀ վարչապետը կոչ է անում հայերին` երեքից ավելի երեխա ունենալ

ԾԱՂԿԱՁՈՐ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է անում հայերին` չհետևել իր օրինակին և երեքից ավելի երեխա ունենալ։  

«Իհարկե, սխալ է, եթե ընտանիքները սահմանափակվեն 3 երեխայով։ Ես կոչ եմ անում` չհետևել իմ օրինակին ու կանգ չառնել երեք երեխայի վրա»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի Ծաղկաձորում «Հայաստանի երիտասարդական նվաճումներ» ամառային ճամբարի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Տիգրան Սարգսյանն ու նրա կինը՝ Գոհարը, երեք երեխա ունեն. չափահաս դուստր, երկու որդի, որոնցից կրտսերը ծնվել է այս տարվա հունիսի 10-ին։ 

Վարչապետը միաժամանակ նշեց, որ երեխաների հետ շփման ժամանակ չի ունենում՝ ավելացնելով, որ վեցամյա որդին հորն ավելի հաճախ հեռուստացույցով է տեսնում։  

«Կինս պատմում է, որ որդիս, ինձ հեռուստացույցով տեսնելիս, մոտ է վազում ու համբուրում էկրանը»,- կիսվեց Սարգսյանը։

Հայաստանում 2007 թ.-ին լույս աշխարհ է եկել 40142 երեխա, ինչը 6,7 տոկոսով գերազանցել է 2006 թ.-ի ցուցանիշը։ 2008թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 մարդու համար 12,4 պրոմիլ է կազմել՝ 2006 թ.-ի  նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,7 պրոմիլային կետով։ --0--