ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվողներից մեկի և գլխավոր դատախազի միջև բարեկամական կապերի առկայության մասին ասեկոսեները

23.07.2008, 11:01
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվողներից մեկի և գլխավոր դատախազի միջև բարեկամական կապերի առկայության մասին ասեկոսեները

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հերքում է ասեկոսեներն այն մասին, թե Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների դեմ կիրառված հատուկ մետաղե «ոզնիներ» պատրաստելու մեջ մեղադրվող Վրեժ Նիկոլյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամն է։

ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, նախօրեին նման տեղեկատվություն է տարածել զանգվածային անկարգություններին մասնակցելու փաստով մեղադրվող, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

«Դա ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ազգակցական կամ բարեկամական կապ Վրեժ Նիկոլյանի և ՀՀ գլխավոր դատախազի միջև գոյություն չունի, և նման հայտարարությունները հիվանդ երևակայության արգասիք են», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Մամուլի տեղեկատվության մեջ ասվում է, որ որպես համերկրացի՝ Նիկոլյանը  որոշակի մասնակցություն  ունեցել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության (որը ղեկավարում է գլխավոր դատախազը – «Նովոստի-Արմենիա») կազմակերպած տարբեր միջոցառումներին և Աղվան Հովսեփյանը նրան ճանաչում է որպես համերկրացու՝ ինչպես շատ-շատերին, նրանց թվում ներկա և նախկին պատգամավորների, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող գործիչների:

Փետրվարի 20-ից Երանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-